
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում իրականացվել են փոփոխություններ
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներ։ Փոփոխվել են 1 անձին տրվող աջակցության չափերը և ընդլայնվել է ավելի բարձր աջակցությամբ բնակավայրերի ցանկը։ Ըստ այդմ
1․ սահմանվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 39 համայնքների 443 բնակավայրեր՝ նախկին 148-ի փոխարեն,
2․ ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվում է 3 քմ-ով և սահմանվում 9 քմ.,
3․ եթե շահառու ընտանիքը ցանկանում է անհատական բնակելի տուն կառուցել, ապա հողի մակերեսի սահմանափակում չի իրականացվելու։ Տվյալ դեպքում աջակցությունը սահմանվում է մինչև 4 մլն դրամ՝ 3-ի փոխարեն,
4․ ձեռք բերվող բնակարանի սեփականության իրավունքը գրանցվելու է միայն ընտանիքի չափահաս շահառուների անունով, այսինքն՝ անչափահասներին գրանցելն այլևս պարտադիր չէ,
5․ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից կարող են օգտվել նաև 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողները։ Այս դեպքում աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ,
6․ ծրագրի 1-ին փուլից կարող են օգտվել ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրացուցիչ վճար կկատարեն կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով,
7․ ծրագրի 2-րդ (2 երեխա ունեցող ընտանիքների համար) և 3-րդ փուլերը (1 երեխա ունեցող ընտանիքների համար) կմեկնարկեն համապատասխանաբար 2025 և 2026 թվականների հուլիսի 1-ից
8․ եթե երեխան ծնվել է հավաստագրի ստացումից կամ իրացումից հետո, ապա այդ երեխայի հաշվով աջակցությունը կարող է ուղղվել հավելյալ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ այն իրացվում է որպես դրական մնացորդ։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում։