ՀայաստանՍոցիալական

Երևանի օդը անառողջ է զգայուն խմբերի համար

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2025 թվականի նոյեմբերին քաղաքի օդի որակի վերաբերյալ տվյալները։ Մոնիթորինգի 184 կայանների գրանցած տվյալներով՝ օդում վնասակար փոշեմասնիկների մակարդակը նկատելիորեն բարձր է եղել։ Դա հատկապես վերաբերում է նոյեմբեր ամսին․ քաղաքապետարանից արձանագրում են, որ Երևանի օդը զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում է հայտնվել։

Մասնավորապես՝ PM 2,5-ի միջինացված արժեքը կազմել է 142, իսկ PM 10-ինը՝ 64։ Համեմատության համար՝ 2024 թվականի նոյեմբերին այս ցուցանիշները համապատասխանաբար 101 և 53 էին, ինչը վկայում է օդի որակի զգալի վատթարացման մասին։

Նշվում է նաև, որ նոյեմբերի 20–30-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ամենաբարդ իրավիճակը․ այդ օրերին օդի որակի ինդեքսը PM 2,5-ի համար հասել է 180-ի՝ ցույց տալով կտրուկ վատթարացում։

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ վերջին օրերի տվյալները որոշ չափով բարելավվել են, և տվիչները ցուցադրում են նվազման միտում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստում շեշտել է, որ օդի որակի հետ կապված հարցերը պետք է վերահսկվեն բոլոր վարչական շրջաններում։ Նա հիշեցրել է, որ տերևների այրումը խստորեն արգելված է, և նման դեպքերի ի հայտ գալը անթույլատրելի է քաղաքային կառույցների աշխատանքի պայմաններում։

Չնայած քաղաքապետարանը համեմատություններ է անում 2024 թվականի հետ, այնուամենայնիվ այդ ժամանակ էլ արձագանքել էինք, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում օդում փոշու քանակը ավելացել էր։ Այդ ժամանակ էլ օդը անառողջ էր համարվում ինչպես զգայուն խմբերի այնպես էլ առողջական խնդիրներ չունեցող անձանց համար։ Այդ ժամանակ էլ քաղաքապետարանը պատճառաբանել էր, որ օդի աղտոտվածությանը նպաստել է նաև վառելիքի տարբեր տեսակների այրումը ձմռան եղանակներին։