
Աշխատանքային պայմանագրերը 2026 թվականից կկնքվեն միայն թվային համակարգով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2024 թվականի տարեվերջին ընդունված կարգավորումների համաձայն՝ փոփոխություններ կարվեն աշխատանքային օրենսգրքում։ Նախատեսվում է բոլոր աշխատանքային պայմանագրերը կնքել միայն թվային համակարգով։ Բոլոր գործընթացները իրականացվելու են էլեկտրոնային եղանակով։ Նոր կարգավորումները 2025 թվականի հուլիսի 1-ից կլինեն կամավոր, 2026 թվականի հունվարի 1-ից՝ պարտադիր։ Աշխատանքի էլեկտրոնային պայմանագիր պետք է կնքեն նաև մինչև 2026 թվականը աշխատանքի ընդունված անձանց։
Հատուկ համակարգ է գործի դրվելու, որտեղ հնարավորություն է ստեղծվելու գործատուների համար լրացնել աշխատանքային պայմանագիրը։ Դրանց մեջ հնարավոր կլինի նաև փոփոխություններ իրականացնել կամ լուծարել պայմանագիրը։ Հարթակի մեջ առանձնացվելու է պայմանագրի հատուկ կաղապար՝ կոնկրետ դաշտերով, որտեղ գործատուն պետք է լրացնի համապատասխան տվյալները։ Գործատուն աշխատանքային պայմանագիրը էլեկտրոնային հարթակում աշխատողի հետ կնքելուց հետո այլևս գրանցման հայտ տալու անհրաժեշտություն չի ունենալու։ Պայմանագրի բովանդակությունից գեներացվելու է գրանցման հայտը։
Աշխատակիցներին անելու ավելի քիչ բան է մնում։ Նրանք պարզապես պետք է մուտք գործեն իրենց էլեկտրոնային հասցեներ և հաստատեն, որ իրենց անունով ստեղծվել է աշխատանքային պայմանագիր։ Անձը այդ դեպքում մուտք է գործում «Ես եմ» հարթակ և տեսնում է իր համար ստեղծված աշխատանքային պայմանագրի նախագիծը։ Համաձայնության դեպքում այն ստորագրում է։
Այսօր քաղաքացիների մի զգալի մասն իրենց եկամուտները հայտարարագրում են հենց «Ես եմ» հարթակի միջոցով, բջջային օպերատորների մոտ ձեռք բերված էլեկտրոնային ստորագրությամբ, այն է 6-8 նիշից բաղկացած կոդով։ Դա նշանակում է, որ թվային պայմանագրերը տեսնելու, դրանք ստորագրությամբ հաստատելու համար հավելյալ գործողությունների կարիք չի լինի, խնդիրներ չեն առաջանա։ Ինչպես հայտարարագրի համար մուտք են գործում «Ես եմ» հարթակ, այդպես էլ աշխատանքային պայմանագիրը տեսնելու համար նույն կերպ մուտք կգործեն ու կտեսնեն ու այն կստորագրեն, — հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Սպասվող փոփոխությունները նախ կնպաստեն, որ փաստաթղթաշրջանառության ծավալը կտրուկ նվազի։ Դրանից բացի, գործատուի կողմից արվող գործողությունները կկրճատվեն, ինչպես նաև կնքվող աշխատանքային պայմանագրերը կհամապատասխանեն օրենքին։