
2025 թվականին Հայաստան է այցելել շուրջ 140 հազար զբոսաշրջիկ․ ամենասիրելի վայրը Գառնին ու Գեղարդն են
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հայտնել է, որ 2025 թվականի հունվարին դեպի Հայաստան այցելել է 139,482 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա համեմատ շուրջ 15 հազար զբոսաշրջիկ պակաս է այցելել Հայաստան։
Նախորդող տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը հունվարին կազմել է 154,319 այցելու։ 2025 թվականի հունվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39.5 %), Վրաստանից (13%) և Իրանից (9.4%):
Հայաստան ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների համար Գառնին ու Գեղարդը շարունակում են մնալ ամենասիրված ուղղությունները։ Վիճակագրական կոմիտեի 2024 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ Գառնի և Գեղարդ այցելել է 25,614 օտարերկրյա զբոսաշրջիկ։ Երկրորդ տեղում Դիլիջանն է, այդ թվում՝ Հաղարծինն ու Գոշավանքը, որտեղ այցելել է 14 178 զբոսաշրջիկ։
Երրորդ ուղղությունը Սևանա լիճն է, այդ թվում՝ Սևանավանքը։ Այնտեղ իրենց հանգիստն են վայելել 14,033 զբոսաշրջիկներ:
Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև դեպի Երևան (11,873) և Տաթևի վանք (10,466) շրջագայությունները։ Լավագույն տասնյակում են շրջագայությունները դեպի Խոր Վիրապի վանք (9,114), Գյումրի (9,005), Ծաղկաձոր (8,571), Զվարթնոցի տաճար և Էջմիածին (7,631), Արենի (6,480) և Նորավանք (6,434)։ Ըստ ներկայացված տվյալների՝ Արագածոտնի ու Լոռու մարզու զբոսաշրջիկները ամենից քիչն են այցելում։