Հայաստանի մարզերում ձյուն է տեղում
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Ճամբարակի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում դիտվում է ձնախառն անձրև։ Տեղեկությունը հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտը։
Սևան–Հրազդան ավտոճանապարհին առկա է խիտ մառախուղ, տեսանելիությունը՝ 30–50 մետր։ Մառախուղ է նաև Արթիկի, Աբովյանի, Սպիտակի, Մասիսի տարածաշրջանների ճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում, որտեղ տեսանելիությունը կազմում է 50–80 մետր։
Ներքին գործերի նախարարությունից Amnews.am-ին հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն իրականացնում են մաքրման և աղ–ավազով մշակման աշխատանքներ։
Վարորդներին հորդորվում է ցուցաբերել առավելագույն զգուշություն, պահպանել երթևեկության կանոնները և վարել միայն ձմեռային անվադողերով։
Միևնույն ժամանակ` Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը հաղորդում է, որ Վերին Լարսի անցակետով երթևեկությունն այս պահին սահմանափակ է։ «Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս» միջազգային մայրուղու Գուդաուրի–Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել է ծանր ու մեծաչափ բեռնատարների, այդ թվում՝ կցորդներով և կիսակցորդներով մեքենաների երթևեկությունը։ Անցակետը բաց է միայն մարդատար տրանսպորտի համար։
