
Տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք կստանան 13 տուգանային միավոր
Փետրվարի 20-ին կառավարության նիստում ընդունվել է օրենք, ըստ որի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կտրվի 13 տուգանային բալային միավոր, նախկին 9-ի փոխարեն։ Հնարավորություն կունենան այս ծրագրից օգտվել նաև այն վարորդները, որոնք վարելու իրավունքը կասեցվել է։ Նրանց 13 միավոր կհատկացվի կասեցման ժամկետի ավարտին հաջորդող օրը։ Նախաձեռնությունը ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 1-ից։
Սա պետություն-քաղաքացի երկխոսությունից ծնված նախագիծ է։ Հատկապես երթևեկության մասնակից վարորդներից ենք ստացել տարբեր ահազանգեր, որ կարիք կա վերանայելու գործող բալային համակարգը։ Շատ հաճախ մենք խոսում ենք երթևեկության ինտենսիվության մասին, որոշ իրավիճակների մասին, որոնք կապված չեն վարորդների հետ։ Այսպիսի իրավիճակներում նրանք սպառում են իրենց հատկացված 9 բալային տուգանային միավորների շեմը և չեն ունենում գործող վարորդական իրավունք, — նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Այն իրավախախտումները, որոնք կապված չեն լինի երթևեկության անվտանգության կազմակերպման հետ, քաղաքացիները կկարողանան ըստ իրավիճակի ավելի ազատ լինել։ Սրան զուգահեռ՝ որոշակի խստացումներ կլինեն օրինակ չամրակապված վարելու, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, հեռախոսից օգտվելու և այլնի դեպքում, որոնք խանգարում են երթևեկության անվտանգությանը։ Սա նշանակում է, որ որոշ խախտումների դեպքում կարող են ավելի շատ միավորներ հանվել վարորդից։
Կառավարության ծրագրում նշվում է, որ ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ծխախոտի կամ նմանատիպ այլ արտադրատեսակների կիրառումը տուգանքից բացի թեթև մարդատար ավտոմոբիլներում կառաջացնի 0․5 միավորի կիրառում, թեթև-մարդատար տաքսի ավտոմոբիլներում և հանրային տրանսպորտում՝ 1 միավոր։
Օրենքի նախագիծը մշակել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նշենք, որ տուգանային միավորների սպառման արդյունքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կարող է կասեցվել 1 ամսից մինչև 6 ամիս ժամկետով։