ՀայաստանՍոցիալական

Հայաստանում կստեղծվի միասնական երթուղային ցանց

Կառավարությունը նախաձեռնել է նոր բարեփոխում՝ ամբողջ Հայաստանի տարածքում միասնական երթուղային ցանց ստեղծելու համար։ Նոր համակարգը ենթադրում է, որ մեկ մարզի կամ տարածաշրջանի բոլոր երթուղիները կսպասարկի միայն մեկ օպերատոր՝ փոխարինելով նախկին 1 երթուղի — 1 օպերատոր սկզբունքին։ Սա կբարձրացնի տրանսպորտի որակը: Բացի այդ՝ Հայաստանի բոլոր մարզերում և սահմանամերձ բնակավայրերում կիրականացվեն կանոնավոր ուղևորափոադրումներ։ Սակայն ծրագիրը պահանջում է մեծ ներդրումներ՝ նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար։

Այս բարեփոխումները իրականացվելու են տրանսպորտի տարբեր տեսակներով՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտով։ Կառավարությունը նախատեսում է աջակցել նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը և ոլորտում ծավալների մեծացմանը՝ օգտագործելով ֆինանսական աջակցության տարբեր ծրագրեր։

Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով որոշ մարզերում հայտարարված մրցույթները չեն կայացել հայտերի բացակայության պատճառով, ինչը կապված է մեծ ներդրումների բիզնես ռիսկերի հետ։ Որոշ դեպքերում մրցույթներին մասնակցության միայն մեկ հայտ է ներկայացվում, ինչը բացառում է  առողջ մրցակցությունը։ Միասնական երթուղային ցանցի գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև Կառավարության աջակցությամբ տրանսպորտային համակարգի զարգացմանն ուղղված միջոցառումները կյանքի կոչելու նպատակով մշակվել է օրենքի նախագիծը։