Վերին Լարս տանող նոր թունելի կառուցման ավարտը հետաձգվել է մինչև 2028 թվականը
Դեպի Վերին Լարս անցակետ տանող թունելի կառուցման ավարտը հետաձգվել է մինչև 2028 թվականը։ Վրաստանի ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Գիորգոբիանին հայտնել է, որ նոր 9–կիլոմետրանոց թունելը, որը գտնվում է Խաչի լեռնանցքի տակ և շրջանցում է Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս մայրուղու ամենավտանգավոր հատվածը, ամբողջությամբ պատրաստ կլինի և շահագործման կհանձնվի 2028 թվականին։ Այս թունելը կարևոր է հատկապես Հայաստանի համար, քանի որ հայկական բեռնատարները հաճախ են ստիպված լինում շաբաթներով կանգնել հերթերում։
Նոր ճանապարհը պետք է բարձրացներ առևտրային և լոգիստիկ հոսքերի արդյունավետությունը։ Այն նաև կկրճատի Թբիլիսի–Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը՝ 2 ժամ 30 րոպեից դառնալով 1 ժամ 45 րոպե։
Թունելը կունենա երեք գիծ, երթևեկությունը կանցկացվի երկու ուղղություններով, և յուրաքանչյուր 500 մետրում կլինեն տարհանման ելքեր։ Քվեշեթի-Կոբի ճանապարհը թույլ կտա հարավկովկասյան երկրներից շարժվել դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ՝ շրջանցելով բարձր լեռնանցքները։ Այդ նպատակով ճանապարհին հինգ թունել է կառուցվում։ Դրանց թվում է իր տեսակի մեջ եզակի՝ ինը կիլոմետրանոց թունելը: Բացի այդ, կառուցվում են հինգ կամուրջներ։
Նոր ճանապարհի բացումը կվերացնի ձմեռային շրջանում երթևեկության սահմանափակումները դեպի Վերին Լարս, իսկ Կոբիից մինչև Քվեշեթի 23 կմ նոր շրջանցիկ հատվածը հնարավորություն կտա շուրջօրյա անխափան երթևեկություն ապահովել դեպի Ռուսաստան։
