ՀայաստանՊատահար

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանում դեռ մի քանի օր կշարունակվեն ձյան առատ տեղումները։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ամբողջ տարածքում ձյան առատ տեղումները շարունակվում են։ Որոշ ավտոճանապարհների ստեղծվել են բարդ իրավիճակներ։ Քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում թեթև մարդատար ավտոմոբիլների համար փակ ճանապարհներ չկան։

Սյունիքի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի մարզերում և Արթիկի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Տավուշի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում (բուք), Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հայրենյաց և Լանջիկ գյուղերի հատվածում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևան-Սևան 25-40 կմ-ին, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։

Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է:

Հայաստանի մարզերում փակ են․

— Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

— Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Բերդ-Ճամբարակ, Ֆանտան-Ջրաբեր, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար-Գառնահովիտ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

— Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

— Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։

— Սպիտակ-Գյումրի և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

— Վանաձոր-Սպիտակ (մինչև 12-րդ կմ), Վանաձոր-Ձորագետ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան (մինչև ոլորաններ) և Թալին-Մաստարա ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար։

— Գյումրի-Բավրա, Արթիկի տարածաշրջանի միջհամայնքային, Մ-2-ից Ջերմուկ քաղաք, Մ-3-ից Շենկանի գյուղ տանող, Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Տավուշի մարզի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։

— Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։