ՀայաստանՍոցիալական

ՀՀ-ում արտակարգ կանչերի համար կգործարկվի մեկ հեռախոսահամար․ ո՞րն է այն

ՀՀ ոստիկանության, փրկարար ծառայության և այլ արտակարգ արձագանքման ծառայությունների 1–02, 1–01 և 9–11 հեռախոսահամարների փոխարեն Հայաստանում գործարկվելու է միասնական՝ 1–12 արտակարգ կանչերի համարը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ 1–12 համարը ընտրվել է, քանի որ ԵՄ երկրներում նույնպես արտակարգ իրավիճակների արագ արձագանքման համար առավել ճանաչելի է համարվում նմանատիպ ձևաչափը։

Փոխնախարարի խոսքերով՝ ներկայումս գործող 1–02, 1–01 և 9–11 հեռախոսահամարները դեռ մի քանի ժամանակ կշարունակեն գործել և կվերահասցեագրվեն նոր՝ 1–12 միասնական համարին։ Միայն իրազեկման լայնածավալ արշավից հետո հին համարները կհեռացվեն շրջանառությունից։

Մկրտչյանը նաև ընդգծեց, որ առաջիկայում նախատեսվում է շտապ բժշկական օգնության կանչերի սպասարկումն էլ անցկացնել նույն միասնական ծառայության համակարգի ներքո: