Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն միմյանց վարորդական վկայականները
Դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև վարորդական վկայականների փոխանակման հուշագիրը։ Այժմ երկու երկրների քաղաքացիները կարող են օրինականորեն վարել մեքենա այդ երկու երկրներում առանց լրացուցիչ քննությունների։ Սակայն այս օրինագիծը չի վերաբերում բնակության նպատակով ժամանած քաղաքացիներին։
Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի տեղեկացմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Աբու Դաբիում։ Հուշագրի նպատակն է կարգավորել երկու երկրների քաղաքացիների վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման իրավահարաբերությունները:
Զեկուցողի տեղեկացմամբ հուշագրի կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի կողմից այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրի 2-րդ հոդվածում ներկայացված աղյուսակով նախատեսված՝ վարորդական վկայականների տարբեր կարգերի կապակցությամբ մյուս կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները:
Բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում հուշագրի յուրաքանչյուր կողմ մյուս կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական եւ գործնական քննություններից:
Հուշագիրը կպարզեցնի ՀՀ քաղաքացիների հնարավորությունները ԱՄԷ-ում մեքենա վարելու հարցում և կընդլայնի երկկողմ համագործակցության շրջանակները։ Հարկ է նշել նաև, որ 2024 թվականի փետրվարին ընդունված օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները180 օրվա ընթացքում կարող են մինչև 90 օր մնալ ԱՄԷ-ում։
