Երրորդ և հաջորդ երեխաների համար պետությունը ամսական 50 հազար դրամ նպաստ կտրամադրի մինչև 6 տարեկանը
2026 թվականից սկսած ընտանիքի երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար մինչև 6 տարին լրանալը ՀՀ պետությունը ամսական 50 հազար դրամ նպաստ կտրամադրի։ Սա պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքում կատարված նոր փոփոխություններով, որոնք այսօր ընդունվել են Ազգային ժողովի երկրորդ և վերջնական ընթերցմամբ։ Օրենքի ընդունմանը կողմ քվեարկեց 66 պատգամավոր, 5-ը ձեռնպահ մնաց, դեմ քվե չկար:
Ըստ նոր կարգի, երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստը կազմելու է 500 հազար դրամ։ Նպաստները կտրամադրվեն միայն այն երեխաներին, որոնք ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում ստացել են ՀՀ քաղաքացիություն։
Նախկին կարգով Հայաստանում առաջին և երկրորդ երեխայի ծննդյան նպաստը կազմում էր 300 հազարական դրամ, երրորդ և չորրորդ երեխաների համար՝ մեկական միլիոն, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների դեպքում՝ 1,5 միլիոն դրամ:
Ավելի վաղ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել էր, որ միայն 2024 թվականին 1450 նման միանվագ ծննդյան նպաստ են տվել այն երեխաների համար, որոնք ՀՀ քաղաքացու երեխա են, ծնվել են այլ երկրում, ունեն այլ երկրի ծննդական, բայց մեր քաղաքացիական կացության ակտերում գրանցված չեն։
Հիմա այդ հարցը նույնպես կարգավորում ենք հետևյալ տրամաբանությամբ, ծննդից հետո՝ 1 տարվա ընթացքում, եթե կգան, կգրանցվեն, այսինքն՝ կստանձնեն ՀՀ քաղաքացիություն, կստանան գումարը, եթե չեն ստանձնի, չեն ստանա: Նույնը վերաբերում է 50 հազարներին: Եթե 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում կգա, կգրանցի, նպաստը կստանան գրանցման պահից, եթե դա լինի նույնիսկ 2 կամ 3 տարեկանում, այսինքն՝ գրանցման պահից մինչև 6 տարեկանը կստանա, մինչև այդ չի ստանա:
