
Ըստ հարցման՝ Հայաստանում 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ չի դժգոհում
Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի սոցիալական հարցումների արդյունքում հարցվածների շուրջ 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ ունի առնվազն չեզոք դիրքորոշում, չի դժգոհում ոստիկանության աշխատանքից:
Ըստ Արփինե Սարգսյանի՝ այս մակարդակը պետք է պահպանել և ավելի բարձրացնել։ Անդրադառնալով ՆԳՆ-ի կատարած աշխատանքներին՝ նա շեշտեց պարեկային ծառայությանը դերը հանրապետությունում։ Այն արդեն իսկ գործում է ամբողջ հանրապետությունում։ Արփինե Սարգսյանը այս համատեքստում հիշեցրել է, որ գերատեսչությունը նոր է ձևավորվել, և կարողությունների զարգացումը մշտական գործընթաց է։
Նա նաև հիշեցրել է, որ 2024 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է 2024-2026 թվականների համար ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությունը։
Այս պահի դրությամբ նաև ձեռնամուխ ենք լինում հանցավորության կանխարգելման նոր ռազմավարության աշխատանքներին, որոնք անչափ կարևոր են երկրում հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից,-հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
International Republican Institute-ը դեռ նոյեմբերին հարցում էր անցկացրել՝ պարզելու, թե որ գերատեսչությունից են քաղաքացիները գոհ։ Ոստիկանության աշխատանքից շատ գոհ են եղել 23 տոկոսը, 38 տոոկսը գոհ է եղել որոշ չափով, որոշ չափով դժգոհ է եղել 15 տոկոսը, 20 տոկոսը շատ դժգոհ է եղել, իսկ 4 տոկոսը տեղյակ չի եղել կամ հրաժարվել է պատասխանել։ Ըստ այդ հարցման՝ Զինված ուժերի աշխատանքն ամենից շատն է գոհացրել քաղաքացիներին (29 տոկոս)։