Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսահմանափակվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից
Արգելվելու է՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերիպլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու և խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը։ Որպես այլընտրանք՝ գործածվելու են թղթից, կտորից և այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակները, թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը, թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները:
Խնդիրը սակայն նրանում է, որ նմանատիպ սահմանափակումներ Հայաստանում արդեն գործում են։ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, որով առևտրի օբյեկտներում արգելվում էր մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի օգտագործումը՝ բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից պատրաստված աղբի համար նախատեսված պարկերի։ Չնայած օրենքի ուժի մեջ լինելուն, շատ խանութներ և սուպերմարկետներ շարունակում են վաճառել պոլիէթիլենային տոպրակները՝ առանց պահանջների կատարման վերահսկողության։ Եթե օրենքը չի գործում պոլիէթիլենային տոպրակների նկատմամբ, ապա դժվար է պատկերացնել, թե որքան արդյունավետ կլինեն 2027-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումները։
