
Վերին Լարսը բաց է թեթև մարդատար ավտոմոբիլների համար
Վերին Լարսի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վրաց-ռուսական սահմանի երթևեկությունը մարդատար ավտոմեքենաների համար վերականգնվել է, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտը։ Կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը շարունակում է սահմանափակվել։
Նշենք, որ փետրվարի 26-ի առավոտյան ժամը 06:00-ին այդ հատվածը փակվել էր մարդատար ավտոմեքենաների համար։
Շրջակա միջավայրի գործակալության տեղեկացմամբ՝ Մլետա-Գուդաուրի, Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի։
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր Գուդաուրի-Կոբի հատվածը շրջանցող ճանապարհ է կառուցում։ Կկառուցվի շուրջ ինը կիլոմետրանոց թունել։ Սա հնարավորություն կտա ամբողջ տարին անխափան երթևեկություն ապահովել ամբողջ տարվա ընթացքում և Թբիլիսիից Ռուսաստան հասնել 1․45 ժամում՝ նախկին 2․30 ժամվա փոխարեն։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։