«Շողակաթ» հեռուստաընկերությունը կլուծարվի
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել լուծարել «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն՝ Շողակաթ հեռուստաընկերությունը։ Որոշումն ընդունվել է կառավարության հերթական նիստում։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ հեռուստաընկերության լուծարումը պայմանավորված է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխություններով, որոնք ընդունվել են 2025 թվականի հոկտեմբերի 24-ին։ Օրենքի նոր խմբագրությամբ նախատեսվում է հանրային հեռարձակողների համակարգի վերակազմավորում և դրանց թվի կրճատում։
Նշենք, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը ստեղծվել էր 2011 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ։ Դրա բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված էին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին։ Հեռուստաընկերության հիմնական առաքելությունը հոգևոր և մշակութային բովանդակության արտադրությունն ու հեռարձակումն էր։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններով սահմանվել էր, որ հանրային հեռարձակողների թիվը պետք է սահմանափակվի երկուսով։ Հանվել էր նաև կրթական և մշակութային ուղղվածության ծրագրեր պարտադիր ապահովելու պահանջը։
Միաժամանակ նկատենք, որ հեռուստաընկերության փակման որոշումը կայացվում է Մայր աթոռի և ՀՀ իշխանությունների միջև հարաբերությունների լարվածության խորացման պայմաններում։
