
Ջերմաստիճանը կբարձրանա․ ի՞նչ անել
Հայաստանում գարնանը սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։ Սակայն գետերի վարարումների վտանգ գրեթե չկա, քանի որ ձմռանը տեղումները քիչ են եղել։ Մարտի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Սուրենյանը նշել է, որ փետրվարի վերջի առատ տեղումները որոշ տարածքներում լրացրել են տեղումների պակասը։ Սակայն ընդհանուր առմամբ՝ մարտի առաջին տասնօրյակում էական տեղումներ չեն կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանի բարձրացումը կստեղծի բարենպաստ պայմաններ գյուղատնտեսության համար, իսկ ցրտահարության հավանականությունը մնում է փոքր։ Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Մարտի 8-ին Երևանում եղանակը արևոտ կլինի։
Սպասվող եղանակային պայմաններին զուգահեռ՝ Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս արագացնել այգեբացի աշխատանքները, քանի որ ծառերում շուտով կսկսվի հյութաշարժություն։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը պարզաբանեց, թե արդյոք գետերի վարարումների ռիսկ կա ջերմաստիճանի բարձրանալու դեպքում։ Ըստ նրա՝ մարտի առաջին տասնօրյակում էական տեղումներ չեն սպասվում, հետևաբար օդի ջերմաստիճանի բարձրացումը չի կարող հանգեցնել մեծ հոսքերի, որոնք կվնասեն գյուղատնտեսությանը։ Իրենք շարունակում են վերահսկել իրավիճակը՝ կանխատեսելով հնարավոր զարգացումները։