
USAID-ի ֆինանսավորումը կրճատվում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին
ԱՄՆ-ն պաշտոնապես դադարեցրել է USAID-ի ծրագրերի 83%-ը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այդ որոշումը կայացրել է՝ հիմնվելով վեցշաբաթյա դիտարկումների արդյունքների վրա։ Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ծրագրերի մեծ մասը ոչ միայն չի արդարացրել իր նշանակությունը, այլև երբեմն վնասել է ԱՄՆ-ի շահերին։
Այս որոշումը կարող է զգալի ազդեցություն ունենալ այն երկրներում, որտեղ USAID-ն ֆինանսավորում էր տարբեր ծրագրեր, այդ թվում՝ Հայաստանում, որտեղ այս կազմակերպությունը 1992 թվականից ի վեր հանդիսանում է հիմնական ներդրողներից մեկը։ Գործակալությունը աջակցել է տարբեր ոլորտների զարգացմանը՝ կենտրոնանալով տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության, հարկային բարեփոխումների և քաղաքացիական հասարակության զարգացման վրա։
Հանրային ենթակառուցվածքների բարելավման ծրագրով (2012-2025) 200 մլն դոլար է ուղղվել ճանապարհաշինության, ջրամատակարարման ու էներգետիկ համակարգի զարգացմանը։ Կրթական բարեփոխումների ծրագրի (2005-2015) շրջանակում բարելավվել է հանրակրթական համակարգը, իսկ ուսուցիչները վերապատրաստում են անցել։
Հարկային բարեփոխումների ծրագրով մշակվել է «Հարկ վճարողի ուղեցույցը»՝ բարձրացնելու բիզնեսների իրազեկվածությունը։ Քաղաքացիական հասարակության և անկախ մամուլի աջակցությամբ USAID-ը ֆինանսավորել է հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին՝ խթանելով ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը։
Ընդհանուր առմամբ՝ 1992-2025 թվականների ընթացում գործակալությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 միլիարդ դոլար։ USAID-ն 1992-1995-ին ՀՀ-ին տարեկան տրամադրել է 250 միլիոն դոլար։ Այդ հատկացումները տարեցտարի նվազել են։ Իսկ 2018-2025-ին Հայաստանին տրամադրվել է տարեկան 30 միլիոն դոլար։
2025 թվականին նախատեսված ֆինանսավորման կրճատման պատճառով Հայաստանում կարող են դադարեցվել կամ կրճատվել տասնյակ ընթացիկ ծրագրեր՝ հատկապես ենթակառուցվածքների զարգացման և քաղաքացիական հասարակության աջակցման ոլորտներում։ USAID-ը ստեղծվել էր 1961-ին՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի օրոք։