ՀայաստանՍոցիալական

Վտանգավոր հարևանություն․ արջը պահվել է դպրոցների ու մանկապարտեզների մոտ

Երևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենաների վերանորոգման կետում պահվող գորշ արջը փրկվել է և տեղափոխվել հատուկ պահպանման տարածք։ Գործողությունը իրականացրել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։ Ներկայումս փրկված արջը գտնվում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում։

Պարզվել է, որ արջը պահվել է դպրոցների և մանկապարտեզների մոտ՝ վտանգ ստեղծելով նաև շրջակայքում գտնվող անձանց համար։ Բացի այդ՝ արջի մոտ նույնպես հայտնաբերվել են առողջական խնդիրներ։ Անբարենպաստ պայմաններում պահելու հետևանքով արջի թաթերը վնասվել են բետոնի վրա շարունակական քայլելուց, հայտնաբերվել են կոտրված ատամներ, ինչպես նաև նկատվել են սառցապատ հատակի վրա տեղաշարժվելու դժվարություններ:

Այդ արջից բացի, քաղաքացին Մալաթիա-Սեբաստիա թաղամասում պահում է ևս երեք արջի, որոնք դեռ ազատ չեն արձակվել։ Հիմնադրամը կոչ է արել իրավապահ մարմիններին՝ հրատապ միջոցներ ձեռնարկել պահվող մյուս երեք արջերի անհապաղ փրկության համար և պատասխանատվության ենթարկել օրենքը խախտողներին: