
Առաջարկվում է կենսաթոշակները հավասարեցնել պարենային զամբյուղի արժեքին
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի՝ 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը պետք է հավասարեցվի պարենային զամբյուղի արժեքին, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը՝ սպառողական զամբյուղի արժեքին։
Հայաստանում 2024 թվականին նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 36 հազար դրամ, իսկ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 24 հազար դրամ։ 2024 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ պարենային զամբյուղի արժեքը կազմում է 33 հազար դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 61 հազար 500 դրամ։
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ այս փոփոխությունը նպատակ ունի երաշխավորելու կենսաթոշակառուների կենսական կարիքների ապահովումը՝ ներառելով սննդի, կացարանի և այլ անհրաժեշտ ծախսերը։ Օրենքի նախագծով առաջարկվում է, որ սպառողական զամբյուղի կազմը և հաշվարկի ձևաչափը որոշի կառավարությունը՝ ելնելով նախորդ տարվա երրորդ եռամսյակի տնտեսական ցուցանիշներից։
Մինասյանը հիշեցրել է, որ կառավարությունն իր ծրագրում արդեն հայտարարել էր 2026-ից կենսաթոշակները բարձրացնելու մասին, և այժմ անհրաժեշտ է այս խոստումը ամրագրել օրենքով։