
Երևանում առանց ուղևորատոմսի երթևեկող քաղաքացիները կտուգանվեն
Քաղաքային տրանսպորտից առանց վճարման օգտվողներին սպասվում է վարչական պատասխանատվություն։ Կառավարությունն ընդունել է օրենքների փաթեթ, որը սահմանում է տուգանքներ ուղեվարձ չվճարելու համար և կարգավորում է ներհամայնքային ուղևորափոխադրումները։
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ ավտոբուսով, տրոլեյբուսով կամ մետրոյով առանց ուղևորատոմսի կամ առանց այն վավերացնելու երթևեկող քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամի չափով։ Եթե անձն օգտագործել է արտոնություն ունեցող քաղաքացու քարտը (այն դեպքում, երբ ինքը չունի), կտուգանվի 15 հազար դրամի չափով։ Իսկ եթե քաղաքացին ունի փաթեթ, սակայն երթևեկել է առանց վավերացման, կտուգանվի 3000 դրամով։
Փաստաթղթով առաջարկվում են նաև վերահսկողության ու խախտումների բացահայտման մեխանիզմներ։ Ըստ հիմնավորման՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքն ամրագրում է ներհամայնքային փոխադրումների կազմակերպման պայմանները։
Նախատեսվում է, որ Երևանում կսահմանվի միասնական տեղական վճար՝ թույլ տալով քաղաքացիներին մեկ վճարմամբ օգտվել ավտոբուսից, տրոլեյբուսից կամ մետրոպոլիտենից։ Սա կբարելավի տրանսպորտի հասանելիությունն ու կկրճատի սպասման ժամանակը։
Կառավարության այս նախաձեռնությունը ճանաչվել է անհետաձգելի և ուղարկվելու է Ազգային ժողով։