
Երևանը 250 էլեկտրական ավտոբուս ձեռք կբերի
Երևանի քաղաքապետարանում Կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայան ներկայացրել է էլեկտրական տրանսպորտի զարգացման և կանաչ գոտիների ընդլայնման խոշոր ներդրումային ծրագիր։ Այն ներառում է մինչև 250 էլեկտրական ավտոբուսի ձեռքբերում, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացում և Դալմայի այգու վերականգնում։
Նախնական ծրագիրն իր մեջ ներառում է մինչև 250 հատ 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսների գնում, երկու ավտոբուսային դեպոների վերակառուցում և արդիականացում, ինչպես նաև մինչև 230 հա տարածքով քաղաքային այգու՝ Դալմայի այգու կառուցում։ Ծրագրում նախատեսվում է նաև մեկ մայրուղու պիլոտային արդիականացում՝ որպես առանձնացված տրանսպորտային երթուղի, կանգառային ենթակառուցվածքներով և համապատասխան հարմարություններով,- նշել է Անետա Բաբայանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 200 միլիոն դոլար։ Նախատեսվում է, որ ֆինանսավորման մի մասը կհատկացնի Կանաչ կլիմայի հիմնադրամը։ Նման ֆինանսավորում է հասանելի է միայն 7 երկրների։