
Հայտնի է, թե որ ընկերությունը Հայաստանում կարտադրի անձնագրեր
Ներդրվում է կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգ։ Մրցույթում հաղթող է դարձել ֆրանսիական IDEMIA-A.C.I. կոնսորցիումը։
Ներքին գործերի նախարարությունում ամփոփված մրցույթի արդյունքներում հաղթող կոնսորցիումը հավաքել է 94.97 միավոր, իսկ գերմանական AUGENTIC GmbH և պորտուգալական Imprensa Nacional – Casa da Moeda, S.A. կոնսորցիումը՝ 79.24 միավոր։
Համաձայն ծրագրի՝ 2026-ի երկրորդ կիսամյակից Հայաստանում կմեկնարկի կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը։ Մինչ այդ, մեկ տարվա ընթացքում հաղթող ընկերությունը կստեղծի անհրաժեշտ ենթակառուցվածքը՝ շենքային պայմանների ստանդարտացումից մինչև սերվերային տնտեսության, տպագրական սարքավորումների ու ծրագրային լուծումների ներդրում։ Հաջորդիվ, ընկերությանը կառաջարկվի պայմանագրի ստորագրման գործընթացը։
2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը երկու տարով կասեցրեց կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ երկարաձգելով հին նմուշի փաստաթղթերի շրջանառությունը։ 2007 թվականի մինչև 2017 թվականը անձնագրերի և ID-քարտերի մատակարարմամբ զբաղվում էր լեհական PWPW ընկերությունը։