
Ի՞նչ եղանակ սպասել ապրիլին․ ջերմաստիճանը կբարձրանա
Ապրիլին Հայաստանում կանխատեսվում է տաք եղանակ՝ տեղումների նորմային համապատասխան, իսկ օդի ջերմաստիճանը կլինի միջինից 1-2 աստիճանով բարձր։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ապրիլին հիմնականում կգերակշռեն արևադարձային օդային հոսանքները, սակայն ամսվա վերջին հնարավոր են արկտիկական ցուրտ մուտքեր։ Մինչև ապրիլի 8-ը եղանակը կլինի համեմատաբար կայուն, իսկ ապրիլի 9-ից Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից եկող ցիկլոնի ազդեցության տակ։
Ապրիլի 9-13-ը հանրապետության տարբեր հատվածներում սպասվում են անձրևներ ու ամպրոպներ։
Տաք հոսանքների դեպքում Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Վայոց Ձորի լեռնային գոտիներում ջերմաստիճանը կհասնի +23°C, Լոռիում՝ +25°C, Տավուշում՝ +31°C, Արարատյան դաշտում՝ +30°C, Սյունիքի հովիտներում՝ +32°C։ Երևանում առավելագույն ջերմաստիճանը կհասնի +30°C-ի։
Սակայն արկտիկական օդային հոսանքների դեպքում հնարավոր է գիշերային ջերմաստիճանի անկում. լեռնային շրջաններում ջերմաստիճանը կնվազի մինչև -10°C, Լոռիում՝ -5°C, Տավուշում՝ -2°C։ Երևանում հնարավոր նվազագույն ջերմաստիճանը 0°C է։ Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։