
2025-ի առաջին երկու ամսում ծնելիության ցուցանիշը նվազել է
Հայաստանում 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ծնվել է 4 928 երեխա։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 549-ով պակաս է։ Տվյալներն արձանագրել է Ազգային վիճակագրական կոմիտեն։
Միաժամանակ աճել է մահերի թիվը։ Այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 4 919 մահ՝ 5-ով ավելի, քան 2024-ին։ Վերջինիս հիմնական պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, ուռուցքները, շնչառական ու մարսողական օրգանների խանգարումները, ինչպես նաև վարակիչ հիվանդությունները։
Նվազել է նաև ամուսնությունների թիվը՝ նախորդ տարվա 2 602-ի փոխարեն այս տարի գրանցվել է 2 038 ամուսնություն։ Ի հակառակ այս միտման՝ ամուսնալուծությունները աճել են. 2025-ի առաջին երկու ամսում արձանագրվել է 732 դեպք՝ 32-ով ավելի, քան մեկ տարի առաջ։