
Սևան քաղաքում փողոցներ են ասֆալտապատվում
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում մեկնարկել են մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները։ Ծրագրի մեկնարկը տրվել է Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակից։
Նորոգման աշխատանքներում ընդգրկված են Նաիրյան, Սայաթ-Նովա, Շինարարների, Գրիբոյեդով, Սարգիս Սևանեցի, Հովհաննես Թումանյան, Չարենց, Հրազդան և Շահումյան փողոցները։ Աշխատանքները նախատեսում են ասֆալտբետոնե ծածկույթի կտրում, հիմքի պատրաստում, բիտումի տարածում, նոր ծածկույթի տեղադրում, ինչպես նաև դիտահորերի և անձրևընդունիչների վերականգնման աշխատանքներ։
Ըստ նախագծի՝ կկատարվի ընդհանուր 3000 քմ մակերեսով ասֆալտապատում և 500 գծամետր ճաքալցում։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 26 միլիոն 940 հազար դրամ, որն ամբողջությամբ կհատկացվի համայնքային բյուջեից։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Սևան համայնքին պատկանող Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն գյուղերի փողոցներն էլ են ասֆալտապատվել։