
Միջպետական ճանապարհներին կշռման կայաններ կկառուցվեն՝ գերբեռնված բեռնատարների շարժը վերահսկելու նպատակով
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ նախատեսվում է միջպետական ճանապարհներին կառուցել կշռման կայաններ՝ կանխելու գերբեռնված բեռնատարների շարժը և ճանապարհների վնասումը։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ազգային ժողովում անցկացված «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։
Նրա խոսքով՝ գերբեռնված բեռնատարների շարժը ոչ միայն վնասում է ճանապարհները, այլ նաև ուղեկցվում է վարչական իրավախախտումներով։
Այս խնդիրը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում։ Կշռման կայանների կառուցումը կօգնի առավել արդյունավետ վերահսկել և կանխարգելել նման դեպքերը»,- ընդգծեց Ղալեչյանը։
Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ տրանսպորտային միջոցների բեռնվածության թույլատրելի սահմանաչափերը սահմանված են օրենքով, և վերահսկողությունն այս ուղղությամբ շարունակաբար կխստացվի։
Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի հունվարի սկզբին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը հայտարարել էր, որ «վարորդները տարբեր շրջանցող ճանապարհներով, այսպես ասած՝ սարերով և ձորերով, փորձում են շրջանցել կշռման կայանը, սակայն պետական լիազոր մարմնի հետ համատեղ արդեն իսկ նախաձեռնվել են կշեռքի տեղադիրքի փոփոխություն, որի արդյունքում վարորդներն էլ հնարավորություն չեն ունենալու շրջանցել կշռման հենակետը»։