
Լրացուցիչ աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին․ կառավարությունը հաստատել է ծրագիրը
Հայաստանի կառավարությունը ծրագրում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրել լրացուցիչ սոցիալական աջակցություն՝ կանխելու նրանց սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը և օգնելու նրանց դառնալ սոցիալ-տնտեսապես ինքնուրույն: Կարիքավոր կհամարվեն այն ընտանիքները, ովքեր ցածր եկամուտներ ունեն, այսինքն՝ մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55 հազար դրամից։
Հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025-ի ապրիլից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Ըստ այդմ՝ աջակցության ամսական չափը կկազմի՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40 հազար դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10 հազար դրամ: Ծրագրի շահառու կլինի մոտ 3 հազար ընտանիք՝ ընդհանուր 11 հազար 430 անդամով, որոնցից 8 հազար 430-ը երկրորդ կամ հաջորդ անդամներ են։
Օգնությունը չի տրամադրվի այն անձանց, ովքեր Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում չեն։ Սոցիալական պաշտպանության հաստատությունում, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձանց նույնպես աջակցություն չի տրվի։
Աջակցություն չեն ստանա այն ընտանիքները, որոնց անդամներից մեկն ունի 2017 թվականից հետո արտադրված և ՀՀ-ում հաշվառված ավտոմեքենա, կամ եթե այդ ավտոմեքենայի գույքահարկը գերազանցի 15 հազար դրամը։ Եթե ընտանիքում մեկից ավելի մեքենա լինի, աջակցություն չեն ստանա, եթե դրանց գույքահարկերի հանրագումարը գերազանցի նույն 15 հազար դրամի շեմը։
Բացի այդ՝ աջակցություն չեն ստանա նաև այն ընտանիքները, որոնց անդամներից մեկը բնակելի անշարժ գույքի միակ սեփականատեր է, կամ եթե ընտանիքի անդամները բնակելի գույքի նկատմամբ ունեն 50% և ավելի մասնաբաժին։