
Հանրային քննարկման է ներկայացվել դատավարության ընթացքում տեսակապի կիրառման առաջարկը
Ներքին գործերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է հնարավորություն տալ մեղադրյալներին դատական նիստերին մասնակցել տեսակապի միջոցով։
Ինչպես հայտնում են նախարարությունից, տեսակապը կօգտագործվի այն դեպքերում, երբ անհրաժեշտ կլինի պաշտպանել հասարակական կարգը, հանրային առողջությունը, մեղադրյալի կամ վարույթի այլ մասնակիցների հիմնական իրավունքներն ու աատությունները, կանխել հանցագործությունները կամ ապահովել դատավարության արագ ընթացքը։
Նախագծի համաձայն՝ տեսակապի կիրառման դեպքում պետք է պահպանվեն մի քանի կարևոր պայմաններ՝
1․ բոլոր մասնակիցները պետք է լավ տեսնեն և լսեն միմյանց,
2․ մեղադրյալը պետք է կարողանա խորհրդապահական կարգով խոսել իր պաշտպանի հետ,
3․ պետք է հնարավորություն ունենա ծանոթանալ բոլոր ապացույցներին և գործի նյութերին։
Եթե նախագիծը հաստատվի, դատարանները, քրեակատարողական հիմնարկները և ձերբակալվածների պահման վայրերը կահավորվելու են համապատասխան տեխնիկայով, իսկ դատավորները կվերապատրաստվեն՝ տեսակապից ճիշտ օգտվելու համար։
Նման փորձ արդեն կա այլ երկրներում, օրինակ՝ Իտալիայում, Նիդեռլանդներում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում և Վրաստանում։