ՀայաստանՍոցիալական

Երևանում կրկին փողոց են փակել

Երևանի Անաստաս Միկոյան փողոցի 64-րդ շենքի բնակիչները ապրիլի 14-ի առավոտյան փակել էին Անաստաս Միկոյան փողոցը՝ Եղվարդի խճուղին։ Բնակիչները բողոքում են, որ արդեն մի քանի տարի է բնակարանի գնման իրավունք են ձեռք բերել, սակայն կառուցապատողը սնանկ է ճանաչվել, ու մինչ օրս նրանց բնակարանների հարցը չի լուծվել։ Ցուցարարները մոտ 40 րոպե անց բացել են ճանապարհը։

Հատկապես բարդ դրության մեջ են հայտնվել այն քաղաքացիները, որոնք կանխիկ են վճարել հենց կառուցապատողին և չունեն բավարար փաստաթղթեր՝ այդ փաստը ապացուցելու համար։

Նրանք իրենց կոնկրետ պահանջներն են ներկայացրել կառավարությանը։

Հայտարարության մեջ նշվում են մի շարք կոնկրետ պահանջներ՝

— բնակիչների բաժնային սեփականության իրավունքի ճանաչում նախագծային փաստաթղթերով հաստատված 3.37055 հա հողամասի նկատմամբ,

— այդ հողամասից առանձնացված 0.4 հա տարածքի իրավական գնահատում և գործարքի չեղարկում,

— գնման պայմանագրերին և օրենսդրությանը համապատասխան սեփականության իրավունքի փոխանցում՝ 3-րդ անձանց իրավունքներից ազատ,

— լրացուցիչ գումարների պահանջների բացառում՝ հատկապես Ամիօբանկի կողմից,

— կանխիկ եղանակով վճարած գնորդների համար արդարացի լուծում՝ առանց նոր ֆինանսական պահանջների,

— շինարարական աշխատանքների ավարտ և շահագործման թույլտվության տրամադրում՝ առանց նոր բեռի,

— կատարված ապօրինությունների քննություն և պատասխանատուների նկատմամբ օրենքով սահմանված պատիժներ,

— հաստատված նախագծի պահպանություն առանց էական փոփոխությունների,

— իրավական այնպիսի մեխանիզմների ներդրում, որոնք կկանխեն նմանատիպ խնդիրների առաջացումը Հայաստանում։

Միկոյան 64 հասցեի կառուցապատողից տուժածների շարքում է նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Բնակիչները հայտնում են, որ պայքարը շարունակելու են, քանի դեռ չեն իրենց բնակարանների հարցը չի լուծվել։

Հիշեցնենք, որ  «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն Անաստաս Միկոյան 64 հասցեում 2019 թվականին ստացել է 18 հարկանի 6 շենք կառուցելու շինթույլտվությունը։ Կնքված պայմանագրերի համաձայն բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման ժամկետ է սահմանվել մինչև 2022 թվականի հոկտեմբերը։ 8 անգամ Երևանի քաղաքապետարանը երկարացրել է շինթույլտվությունը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024 թվականի հունիսի 5-ին ստորագրել է համալիրի ավարտական ակտը` չնայած բազմաթիվ աշխատանքներ դեռևս կիսատ են եղել։