
Վարորդների կյանքը կարող է բարդանալ․ նոր փոփոխություններ
Վարորդական իրավունք չունեցող և մեքենա վարող քաղաքացին կտուգանվի 200 հազար դրամով։ Այս մասին հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը։ Բացի այդ՝ հատուկ ձայնային ազդանշանի համակարգով, կարմիր և կապույտ լույսերով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները վարչական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն տեղադրելու, այլև այդ վիճակով ավտոմեքենան շահագործելու դեպքում։
Նախատեսում ենք որպես վարչական իրավախախտում գրանցել բոլոր այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցի վարորդը ի սկզբանե վարելու իրավունք չունի, սակայն տրանսպորտային միջոցը վարում է։ Այս դեպքերի համար ընդհանրապես նախատեսված չեն սանկցիաներ։ Միայն մի շարք հոդվածներում նախատեսում ենք 200 հազար դրամի վարչական տուգանք այսպիսի դեպքերի համար, — նշել է փոխնախարարը։
Հիշեցնենք, որ մինչ այժմ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում տուգանքը նշանակված էր 20 հազար դրամի չափով։
Այս թեմայով խոսակցությունները արդիական դարձան Փաշինյանի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Հայաստանում վարորդական իրավունքները համատարած կեղծ են․ «մարդիկ համատարած նստում են ղեկին՝ դրա իրավունքը չունենալով»։