
Հայաստանի քաղաքացիները կարող են ցամաքային ճանապարհով հատել Ռուսաստանի և Բելառուսի սահմանը
Հայաստանի, ինչպես նաև Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները այժմ կարող են առանց վիզայի հատել Ռուսաստանի և Բելառուսի սահմանը ոչ միայն օդային, այլև ցամաքային ճանապարհով։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ում վերացվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի կարևոր խոչընդոտներից մեկը։
Հանձնաժողովի փոխանցմամբ, 2025 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Բելառուսի միջև ուժի մեջ է մտել վիզաների փոխադարձ ճանաչման համաձայնագիրը, ինչի արդյունքում ԵԱՏՄ որոշ անդամ երկրների քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել երկու երկրների միջև՝ միջազգային երկաթուղային, օդային և համաձայնագրի հավելվածում նշված ավտոմոբիլային ուղիներով։
Մինչ այժմ Հայաստանի քաղաքացիները Բելառուսից Ռուսաստան կամ հակառակ ուղղությամբ կարող էին անցնել միայն օդային ճանապարհով։ Նոր կարգավորման արդյունքում նրանց հասանելի է դարձել նաև ցամաքային երթևեկությունը՝ առանց մուտքի արտոնագրի անհրաժեշտության։