
2026-ին առանձնատներ ունեցողների մեծամասնության գույքահարկը կաճի
Ազգային ժողովի ապրիլի 18-ի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով գույքահարկի փոփոխվող դրույքաչափերին, նշել է, որ 2026 թվականին անշարժ գույքի հարկը կաճի Հայաստանի բնակիչների զգալի մասի համար։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում առանձնատների կամ սեփական տների տերերի 51 տոկոսը ամսական կվճարի 50-ից 300 դրամով ավելի։ Իսկ բնակարանների 46 տոկոսի դեպքում գույքահարկի ամսական հավելաճը կկազմի 250-500 դրամ։
Գաբրիելյանը նշել է, որ համեմատաբար բարձր արժեք ունեցող գույքի տերերը՝ ընդամենը 0.67 տոկոսը, վճարելու են ավելի շատ։ Նրա խոսքով՝ այդ բաշխվածությունը թույլ է տալիս պետական բյուջեում ապահովել այնպիսի եկամուտ, որը կուղղվի թանկարժեք ենթակառուցվածքների զարգացմանը։
Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է «Հայաստան» խմբակցության առաջարկած օրենսդրական նախագիծը, որով փորձ է արվում կասեցնել գույքահարկի աստիճանական բարձրացման վերջին փուլը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գույքի հարկման բազան գերազանցում է 200 միլիոն դրամը։ Այդ հատվածում առաջարկվում է պահպանել գործող կարգավորումները։
Նախկինում անդրադարձել էինք գույքահարկի փոփոխություններին։ Ըստ դրա՝ քաղաքացիները, 2025 թվականից սկսած, արդեն 75%-ով բարձրացված գույքահարկ կվճարեն, 2026 թվականից էլ՝ կանցնեն ամբողջական վճարման՝ 100%-ի չափով: Թեպետ կառավարությունը վստահեցնում է, որ սպասվող լրացուցիչ հարկային բեռը կրելու են մեծամասամբ բարձր գույքի սեփականատերերը։