
Նոր շարժասանդուղքներ մետրոպոլիտենում․ «Սասունցի Դավիթ»-ում աշխատանքները ավարտվել են, «Զորավար Անդրանիկ»-ում՝ սկսվել
Երևանի մետրոպոլիտենում շարունակվում է ենթակառուցվածքների տեխնիկական վերազինումը։ Այս օրերին շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ են իրականացվում մի քանի կայարաններում։
«Սասունցի Դավիթ» կայարանում արդեն ավարտվել են հին շարժասանդուղքների ապամոնտաժման և նորերի տեղադրման աշխատանքները։ Նոր սարքավորումները գործարկվել են և ներկայումս սպասարկում են ուղևորներին՝ ապահովելով կայարանի բնականոն գործունեությունը։
Մինչդեռ «Զորավար Անդրանիկ» կայարանում աշխատանքներն արդեն սկսվել են։ Այստեղ կատարվում է հին շարժասանդուղքների ապամոնտաժում, որին հաջորդելու է նոր շարժասանդուղքների տեղադրումը։
Այս աշխատանքները փուլ առ փուլ ընթանում են ըստ մետրոպոլիտենի կողմից հաստատված ժամանակացույցի։ Արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսվում է փոխարինել մետրոպոլիտենի մի շարք կայարաններում գործող հնացած շարժասանդուղքները՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակակից տեխնիկական պահանջներին։