
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է
Մահացել է կաթոլիկ եկեղեցու գլուխը՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Նա 88 տարեան էր։ Լուրը պաշտոնապես հայտնել են Վատիկանից։ Նա մահացել է ապրիլի 21-ի առավոտյան իր կեցավայրում՝ Վատիկանի Սանտա Մարթայի տանը։
Ֆրանցիսկոս Պապը վերջին ամիսներին լուրջ առողջական խնդիրներ ուներ։ 2025 թվականի հունվարին նրա մոտ բրոնխիտ էր ախտորոշվել։ Փետրվարի 14-ին նրան տեղափոխել էին Հռոմի «Gemelli» կլինիկա, քանի որ հիվանդությունը բարդացել էր։ Փետրվարի 18-ին բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին երկկողմանի թոքաբորբ։ 38 օր անց, մարտի վերջին, նա վերադարձել էր Վատիկան՝ շարունակելու բուժումը։
Քահանայապետն իր երիտասարդ տարիներին Արգենտինայում վիրահատվել էր։ Թոքաբորբի պատճառով հեռացվել էր թոքի մի հատվածը։ Դրանից հետո նրա մոտ այդ խնդիրները շարունակվել են և նա պարբերաբար հիվանդացել է շնչառական հիվանդություններով։ 2023 թվականին նա չեղարկել էր այցը Արաբական Էմիրություններ՝ թոքերի բորբոքման հետևանքով։
Ֆրանցիսկոս Պապը կաթոլիկ եկեղեցու ղեկավար էր դարձել 2013 թվականին՝ իր նախորդ Պապ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո։ Նա պատմության մեջ դարձավ առաջին Պապը, որն ընտրվել էր Լատինական Ամերիկայից՝ Արգենտինայից։
Հիշեցնենք, որ նրա օրոք էլ Վատիկանում ապրիլի 10-ին տեղի ունեցավ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» խորագրով միջազգային գիտաժողովը։