
Երևանում որոշ խմբերի բնակիչներ կազատվեն աղբահանության վճարից
Երևանի ավագանու ապրիլի 22-ին տեղի ունեցած նիստում հաստատվեցին աղբահանության վճարի նոր կարգը և մի շարք արտոնություններ սոցիալապես խոցելի խմբերի համար։ Նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։
Նոր կարգով, աղբի համար վճարելուց ազատվում են՝
— Մարտական գործողությունների (ներառյալ Արցախյան պատերազմները) ժամանակ զոհված, անհետ կորած, գերեվարված կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքի անդամները՝ երեխաները, ծնողները և ամուսինը/կինը։
— Ռազմական գործողությունների հետևանքով առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները՝ իրենց բաժնային սեփականության մասով։
— Միայնակ չաշխատող կենսաթոշակառուները՝ նույնպես բաժնային սեփականության մասով։
— Այն քաղաքացիները, ովքեր բնակվում են բնակելի նշանակության շենքերում կամ շինություններում և ամսական սպառում են մինչև 10 կվտ էլեկտրաէներգիա։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից աղբահանության վճարը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի՝ 1 քմ-ի դիմաց 13 դրամ հաշվարկով։ Նախկինում այն հաշվարկվում էր բնակարանում գրանցված անձանց թվի հիման վրա՝ յուրաքանչյուրի համար սահմանելով 200 դրամ։