ՀայաստանՍոցիալական

Պռոշյանի և Քասախի բնակիչները բողոքում են, նախարարությունը՝ արձագանքում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը անդրադարձել է Քասախի և Պռոշյանի բնակիչների բողոքներին՝ նշելով, որ նրանք չեն ընդունել նախարարության առաջարկած լուծումները։ Նրանք պնդում են, որ բողոքի շարունակական ակցիաները, մայրուղու փակում ապակառուցողական քայլ է և նրանց որոշ պահանջները դուրս են գործող օրենսդրության շրջանակներից։

Ըստ նախարարության՝ առաջարկվել է իջեցնել ուղեվարձը՝ Պռոշյան–Երևան երթուղու համար սահմանելով 200 դրամ՝ նախկին 250-ի փոխարեն, իսկ Քասախ–Երևան ուղղությամբ՝ 150 դրամ՝ նախկին 200-ի փոխարեն։ Բացի այդ, կառավարությունը նախատեսվում է ավելացնել երթերի քանակը, բարձրացնել տրանսպորտային միջոցների թիվը, փոփոխել Երևանի տարածքում գտնվող վերջնակետերը և ապահովել բնակավայրերին հարող ճանապարհներից մայրաքաղաքի տրանսպորտին հասանելիություն։

Հիշեցնենք, որ Պռոշյանի և Քասախի բնակիչները բողոքում են Երևանի 25 և 59 համարի ավտոբուսների նոր երթուղային կարգավորումների դեմ։ Նրանց խոսքով՝ փոխված գրաֆիկը և փոխադրողի փոփոխությունը խաթարում են ուսանողների և աշխատող քաղաքացիների առօրյա տեղափոխումը։ Բնակիչները պահանջում են հանդիպում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ և նախազգուշացնում են՝ եթե իրենց չլսեն, կշարունակեն ճանապարհների արգելափակումը։