
Նոր սահմանափակում մտցնելու առաջարկ շահումով խաղերի ոլորտում
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն առաջարկում է «Գովազդի մասին օրենքում» փոփոխություններով արգելել խաղային ոլորտի գովազդները սահմանային անցման կետերում, ինչպես նաև 4 և ավելի աստղանի հյուրանոցներում։
Պատգամավորը նշում է, որ Հայաստանը համարվում է տուրիստական հետաքրքիր կենտրոն ամբողջ աշխարհի համար։ Պատկերացրեք տուրիստը մտնում է Հայաստան։ Օդանավակայանում նա առաջինը տեսնում է գովազդ խաղային ոլորտի մասին։ Տուրիստները հիմնականում դրանից հետո գնում են հյուրանոցներ ու այնտեղ կրկին տեսնում այդ գովազդները։
Նախագծի հեղինակն ուսումնասիրել է Իսպանիայի, Իտալիայի, Նորվեգիայի և նաև այլ եվրոպական երկրների փորձը, որտեղ նույնպես արգելվում է խաղային գովազդը սահմանային անցակետերում և հյուրանոցներում։
«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով` այս դեպքում լուծումը պետք է լինի ոչ թե ամբողջությամբ արգելելը, այլ կարգավորել և կոնրետ չափ սահմանելը օդանավակայանում գովազդների համար։
Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը: