ՀայաստանՍոցիալական

«Այգ Գրուպ» և «Դուստր Մարիաննա» ընկերություններում խախտումներ են արձանագրվել

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հաղորդմամբ՝ մանրէաբանական շեղումների պատճառով կասեցվել է «Այգ Գրուպ» և «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ների որոշ արտադրատեսակների արտադրությունը։

ՍԱՏՄ տեսուչները ստուգումներ են իրականացրել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող «Այգ Գրուպ» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում։ Նմուշառումից հետո ստացված լաբորատոր տվյալներն արձանագրել են մի շարք շեղումներ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, բորբոսասնկեր, կաթնաթթվային միկրոօրգանիզմներ։

Մասնավորապես՝ «Մոցարելլա» և «Լոռի» պանիրների, «թթվասեր 20%»-ի, կաթնաշոռի և քամած մածունի նմուշները չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերին՝ մանրէաբանական մի շարք ցուցանիշներով։

Նմանատիպ խախտումներ են արձանագրվել նաև «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքում։ Ըստ լաբորատոր փորձաքննության՝ «Կարագ սերուցքային 82,5%» արտադրատեսակը նույնպես պարունակել է ԱՑԽՄ, խմորասնկեր, բորբոսասնկեր և այլ միկրոֆլորա, որոնք գերազանցել են թույլատրելի սահմանները։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ երկու ընկերությունների կաթնամթերքի որոշ արտադրատեսակների թողարկումը կասեցվել է՝ մինչև խախտումների վերացումը։