ՀայաստանՍոցիալական

Հայաստանում թրաֆիքինգի դեպքերն աճել են 89,5 տոկոսով

2024 թվականին Հայաստանում թրաֆիքինգի հանցագործությունների թիվն աճել է 89,5 տոկոսով։ Սրա մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Ըստ նրա զեկույցի՝ նախորդ տարում ընդհանուր հանցագործությունների քանակը փոքր-ինչ նվազել է․ 2023-ին արձանագրվել էր 40․661 դեպք, իսկ 2024-ին՝ 40․232։ Նվազել է նաև մայրաքաղաքում կատարված հանցագործությունների թիվը՝ 20․231-ից նվազելով մինչև 18․397։

Հայտնի է դարձել նաև, որ բացահայտված հանցագործությունների տոկոսը բարձրացել է՝ 3,4 տոկոսով։ Նվազել են միջին և ծանր հանցագործությունները, սակայն արձանագրվել է առանձնապես ծանր դեպքերի աճ՝ 25,1 տոկոսով։ 2023-ին դրանք 1․678 էին, իսկ 2024-ին՝ արդեն 2․100։

Տվյալները ցույց են տալիս նաև, որ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները ավելացել են 11,9 տոկոսով, թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը՝ 111,4 տոկոսով, խարդախության դեպքերը՝ 9,9 տոկոսով, իսկ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հափշտակությունները՝ 25,1 տոկոսով։

Մյուս կողմից, հասարակական կարգի, անվտանգությանը և բնակչության առողջությանը սպառնացող հանցագործությունները նվազել են 2,2 տոկոսով։