ՀայաստանՍոցիալական

Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում․ պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Տնտեսվարողները վերսկսել են բողոքի ակցիաները կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք բողոքում են շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությունից։

Մոտ տասը օր առաջ տնտեսվարողները կառավարությանը ներկայացրել էին 2350 ստորագրությամբ դիմում, սակայն, ըստ նրանց, որևէ արձագանք չի եղել։ Ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծեց՝ ՓՄՁ-ների մեծ մասը վարկային բեռի տակ է և դժվարությամբ է հոգում նույնիսկ առօրյա ծախսերը։ Բողոքի վայր էր ժամանել նաև «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, որը հայտարարեց, որ փորձելու է քաղաքացիների հետ համատեղ մշակել պայքարի կոնկրետ քայլեր։

Նա ընդգծեց երեք առանցքային խնդիր՝ շրջանառության հարկի կրկնակի բարձրացում՝ 5%-ից դառնալով 10%, գույքագրման պահանջ, ապրանքի համար փաստաթղթի բացակայության դեպքում՝ 20% տույժ։ Բողոքի մասնակիցների համոզմամբ՝ այս փոփոխությունները նպատակաուղղված են ՓՄՁ-ների ճնշմանը։

    ՓՄՁ-ների ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը հայտարարեց, որ ապրիլի 30-ին Ազգային ժողովում քննարկվելու է իրենց ներկայացրած հանրագիրը։

    Հիշեցնենք՝ շրջանառության հարկի մասին փոփոխությունները նախատեսում են, որ 2025-ից առևտրով զբաղվող սուբյեկտները պետք է վճարեն 10% հարկ, մինչդեռ նախկինում այն 5% էր։ Արտադրության ոլորտի համար սահմանվել է 7%, հանրային սննդի համար՝ 12%։ Հնարավոր է նվազեցնել այս դրույքաչափերը մաքուր հաշվապահության դեպքում՝ համապատասխանաբար մինչև 1%, 3% և 6%։ Կառավարությունը փետրվարի 27-ի նիստում սահմանել էր անցումային շրջան մինչև հուլիսի 1-ը՝ աջակցելու տնտեսվարողներին իրենց փաստաթղթերով չհամադրված ապրանքային մնացորդների իրացման հարցում։