Դիլիջանում մանկապարտեզի շենքը տարիներ անց վերադարձվեց համայնքին

Դիլիջանի Շահումյան փողոցում գտնվող՝ շուրջ 86 միլիոն դրամ արժողությամբ մանկապարտեզի մասնաշենքը կրկին համայնքի սեփականությունն է։ 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Շենքը, որն ավելի քան տասնհինգ տարի առաջ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էր «Առաջինը երեխաներին» բարեգործական կազմակերպությանը, այդ ընթացքում փաստացի չէր օգտագործվում։

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշմամբ հաստատվել է համայնքի և կազմակերպության միջև հաշտության համաձայնությունը և մանկապարտեզը վերադարձրել համայնքին։