ՀայաստանՍոցիալական

«FlyOne Armenia» և «Շիրակ ավիան» դեմ են կառավարության որոշմանը

«FlyOne Armenia» և «Շիրակ ավիա» ավիաընկերությունները դեմ են արտահայտվել Հայաստանի կառավարության՝ ուղևորափոխադրումների զարգացմանը նպաստող նոր աջակցության ծրագրին։ Ընկերությունները մտահոգիչ են համարում, որ ծրագիրը չի համաձայնեցվել ոլորտի տեղական դերակատարների հետ և սպառնում է խորացնել անհավասար մրցակցությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որը ենթադրում է պետական աջակցություն այն օտարերկրյա ավիաընկերություններին, որոնք Հայաստանում կունենան մասնաճյուղ՝ առնվազն երկու մշտական օդանավով և հայկական գրանցմամբ աշխատակիցներով։

Տեղական երկու ավիաընկերությունների հայտարարության մեջ նշվում է, որ այս մոտեցումը չի ծառայում ավիացիոն ոլորտի երկարաժամկետ զարգացման շահերին։ Ըստ նրանց՝ ծրագիրը կարող է լրջորեն խոչընդոտել տեղական փոխադրողների գործունեությանն ու վնասել դրանց մրցունակությանը։

Ընկերությունները նաև հիշեցնում են, որ Հայաստանի ավիացիոն ոլորտը շարունակում է գտնվել մի շարք երկրների, այդ թվում՝ ԵՄ-ի, Իսրայելի և ԱՄԷ-ի «սև ցուցակներում», ինչը լրացուցիչ բարդություններ է ստեղծում տեղական փոխադրողների համար։ Նման պայմաններում արտոնություններ տրամադրելը միայն օտարերկրյա ավիաընկերություններին, նրանց համոզմամբ, անարդար է։

Նրանք նշել են, որ ծրագրի մշակման ընթացքում բազմիցս բարձրաձայնել են իրենց մտահոգությունները թե՛ գրավոր, թե՛ բանավոր ձևով, սակայն դրանք անտեսվել են։ Բացի այդ, քննադատել են կառավարության նիստում հնչած այն պնդումները, թե ծրագիրն ընդունելի է տեղական ավիափոխադրողների համար՝ դրանք որակելով որպես անհիմն։

«FlyOne Armenia»-ն և «Շիրակ ավիան» կառավարությանն առաջարկում են սահմանել իրավական հստակ մեխանիզմներ՝ տեղական ավիաընկերությունների շահերը պաշտպանելու նպատակով՝ առաջնահերթ համարելով ազգային շահերի պահպանումը։