
Կաթնամթերքը՝ գունավոր դարակաշարերում. ուժի մեջ է մտել վաճառքի նոր կարգը
Հայաստանում կաթնամթերքի վաճառքի կարգը փոխվել է։ Ապրիլի 27-ից կաթնամթերքը խանութներում կտեղադրվի կանաչ և նարնջագույն դարակաշարերում։ Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է այն կաթնամթերքը, որը չի պարունակում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ, իսկ նարնջագույն դարակաշարերում՝ այն կաթնամթերքը, որը պարունակում է նման փոխարինիչ: Դարակաշարերի վրա պարտադիր պետք է լինեն տեղեկատվական պիտակներ՝ «Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» գրություններով:
Ավելի վաղ առաջարկվում էր նման գունային տարբերակումը կիրառել նաև փաթեթավորման վրա, սակայն այդ նախաձեռնությունը մերժվել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:
Նախարարությունը նախազգուշացնում է, որ սահմանված կարգի խախտման դեպքում տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժերի:
Հիշեցնենք, որ ըստ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, կաթնամթերքի փոխարինիչներով արտադրանք արտադրողներին արգելվում էր փաթեթավորման վրա օգտագործել «կաթ», «թթվասեր» և նման այլ անվանումներ, սակայն այս պահանջը գործնականում միշտ չէր կատարվում: Օրինագիծը քննարկվել է շուրջ հինգ տարի՝ 2020 թվականից սկսած։ Կառավարություն համապատասխան օրենքը ընդունել էր 2025 թվականի մարտին։