ՀայաստանՍոցիալական

Բողոքի ակցիա Արագածոտնում. բնակիչները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը

Ապրիլի 27-ին լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Մոտ 15 գյուղերի բնակիչներ ավելի քան մեկ ժամ է՝ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Կոշ գյուղի հատվածում։

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ իրենց պահանջը քաղաքական չէ։ Նրանք դժգոհում են տրանսպորտային նոր փոփոխություններից, ըստ որոնց գյուղերից երթուղայինները հասնելու են միայն Աշտարակ, այլ ոչ թե մինչև Երևանի «Կիլիկիա» ավտոկայան։ Բնակիչների խոսքով՝ այս փոփոխությունը լուրջ խնդիրներ է ստեղծելու իրենց համար, քանի որ Աշտարակից դեպի Երևան շարունակելու երթուղի չունեն։

Դեպքի վայր է ժամանել Աշտարակի համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, ով առաջարկել է բնակիչներին տեղափոխվել քաղաքապետարան և այնտեղ շարունակել քննարկումները։ Շահվերդյանը խոստացել է կառավարության համապատասխան գերատեսչության ներկայացուցիչների հետ խոսել և խնդիրը ի շահ ժողովրդի լուծել։