ՀայաստանՍոցիալական

Արագածոտնի մարզում միասնական երթուղային ցանցի գործարկումը հետաձգվել է

Արագածոտնի մարզում մայիսի 1-ից նախատեսված միասնական երթուղային ցանցի գործարկումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է մարզպետի աշխատակազմը՝ ընդգծելով, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով սակագների և երթուղիների վերաբերյալ բնակիչների դժգոհությունները։

Մարզպետարանում այս հարցով քննարկում է անցկացվել, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Արագածոտնի մարզպետը, Աշտարակի համայնքապետը և ուղևորափոխադրումների մրցույթում հաղթած «Մուլտի տրանսպորտ» ընկերության ներկայացուցիչը։ Քննարկվել են չվացուցակին, սակագներին ու երթուղիներին առնչվող մի շարք խնդիրներ։ Որոշվել է առայժմ պահպանել գործող երթուղային համակարգը և սակագները։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի անգամ է, ինչ բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով չեղարկել Պռոշյան–Երևան ուղղության սպասարկման նոր կարգը։ Բողոքի ակցիայի մասնակիցները ընդգծում են, որ տրանսպորտի սահմանափակումը բարդացնում է հատկապես ուսանողների և աշխատող քաղաքացիների տեղափոխությունը։ Նրանց խոսքով՝ նոր որոշումը խոչընդոտում է տասնյակ ընտանիքների առօրյան։