
Հայտնի է, թե երբ կավարտվի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարությունը
2033 թվականի նոյեմբերին նախատեսվում է ավարտել «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածի հյուսիսային հատվածի շինարարությունը։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարը ներկայացրեց նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրի վավերացման նախագիծը, որն ընդունվեց կառավարության կողմից։ Խուդաթյանի խոսքով՝ շուրջ 60 կմ երկարությամբ Սիսիան–Քաջարան հատվածը բաժանվել է երեք ենթահատվածների՝ Հյուսիսային, Բարգուշատի և Հարավային։ Հյուսիսային հատվածի կառուցման արժեքը կազմում է 335 մլն եվրո, որից 236 միլիոնը ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը։
Այս հատվածում կկառուցվի 27.1 կմ ճանապարհ, որի անցանելիության արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի մինչև 100 կմ/ժ։ Արդյունքում՝ ճանապարհի ընդհանուր անցման ժամանակը կկրճատվի մինչև 1–1.5 ժամով։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ հայտարարվել է նաև Քաջարան–Մեղրի թունելի կառուցման մրցույթը, որի արդյունքները նախատեսվում է ամփոփել ամռանը։ Թունելը կդառնա շուրջ 2 կմ-ով կարճ՝ համեմատաբար գործող տարբերակի։
Հիշեցնենք, որ հունվարին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար Ասիական զարգացման բանկի հետ կնքվող վարկային համաձայնագրին։ Վարկի ընդհանուր չափը 236 միլիոն եվրո էր։ Եվս 200 միլիոն դոլար կտրամադրվի Քաջարանի թունելի կառուցման համար։