
Արցախի փողոցի վթարային շենքերից 60 ընտանիք արդեն վերաբնակեցվել է, 5-ի հարցը դեռ մնում է չլուծված
Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման գործընթացի շրջանակում շուրջ 60 ընտանիք արդեն ստացել է բնակարան կամ բնակարանի գնման վկայական։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 5-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ վերաբնակեցման գործընթացը շարունակում է առաջ ընթանալ։
Ես անձամբ այցելել եմ այդ տարածք, զրուցել եմ բնակիչների հետ։ Մոտ 60 ընտանիք արդեն ստացել է լուծում։ Սակայն ունենք 5 ընտանիք, որոնք հրաժարվում են առաջարկված տարբերակներից՝ պատճառաբանելով, որ նոր բնակարաններում սենյակների քանակը քիչ է, — նշել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ ներկայում դիտարկվում է խնդիրըլուծել բանակցային եղանակով։ Եթե այդ ճանապարհը չհաջողվի, քաղաքապետարանը կարող է դիմել օրենքով սահմանված մեխանիզմի՝ ճանաչելով տվյալ տարածքը որպես գերակա շահ ունեցող։
Ըստ քաղաքապետի, եղել են դեպքեր, երբ 18 քմ տարածքով բնակարան ունեցող անձին առաջարկվել է նոր և հարմարավետ բնակարան, սակայն այն չի ընդունվել։ Այդուհանդերձ, քաղաքապետարանը նախատեսում է կրկին փորձել բանակցել մնացած 5 ընտանիքի հետ։ Գերակա շահի ճանաչման գործընթացը դիտարկվում է որպես այլընտրանք այն դեպքում, երբ բանակցությունները արդյունք չտան։ Այդ տարբերակի դեպքում հարցը կտեղափոխվի իրավական դաշտ։
Տիգրան Ավինյանը նաև հանձնարարել է «պլոմբել դռները» և հնարավորություն չտալ այլ անձանց հաստատվել այդտեղ։