
Հայաստանում ամենատարածվածը Դավիթ և Նարե անուններն են
2024 թվականին ծնված երեխաների շրջանում Հայաստանում կրկին առաջատար են Դավիթ և Նարե անունները։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս անունները արդեն տասը տարի անընդմեջ գլխավորում են ամենատարածված անունների ցանկը։
Տարվա ընթացքում ծնվել է 17 571 տղա և 16 022 աղջիկ։ Դավիթ անունը տրվել է 1 157 տղայի, Նարեկը՝ 832, իսկ Հայկը՝ 625։ Տղաների անունների ցանկը եզրափակում է Էդուարդը՝ 66 նորածնով։
Աղջիկների շրջանում Նարե անունը ստացել է 620 նորածին։ Երկրորդ և երրորդ տեղերում են Լուսեն (563) և Արփին (539)։ Ցուցակի վերջին հորիզոնականում Արև անունն է՝ 69 նորածնով։
Վիճակագրական տվյալները նաև փաստում են, որ նորածինների ազգանունների մեջ ամենատարածվածները շարունակում են մնալ Սարգսյանը և Գրիգորյանը։