
Անչափահասներին դանակների վաճառքն արգելելու մասին օրենսդրական փաթեթ կստեղծվի
Վերջին շրջանում բավականին հաճախակիացել են անչափահասների շրջանում ողբերգական ելքով միջադեպերը։ Դրանց ընթացքում շատ հաճախ որպես հանցագործության գործիք օգտագործվում է սառը զենք։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործընկերների հետ պլանավորել են համայնքային ոստիկանության տեսուչների կողմից պարբերաբար այցելություններ իրականացնել դպրոցներ։
Շատ կարևոր է ոչ միայն դպրոցների աշխատանքը, իրավապահ համակարգի աշխատանքը, այլ նաև ծնողական համայնքի հետ աշխատանքը, որովհետև մի բան է, երբ որ մենք ավելի շատ վերահսկողության տեսանկյունից ստուգում ենք այս դեպքերը և գնում ենք այդ դեպքերի արձանագրման նաև բացահայտման ճանապարհով։ Մեկ այլ բան է իրավիճակը, երբ որ պիտի աշխատենք նաև ծնողական համայնքի հետ, որպեսզի երեխային ճիշտ ուղղորդում տրվի, որպես այդպիսին համանման առարկաներ չունենալու և առհասարակ հանրային վայրերում նմանատիպ առարկաներով ուղղակի դուրս չգալու տեսանկյունից։
Սարգսյանը նշել է նաև, որ մշակել են օրենսդրական նախաձեռնություն։ Այն վերաբերում է անչափահասներին փականներով տարբեր փոքր դանակների վաճառքի արգելքի կարգավորմանը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ կան մի շարք օնլայն հարթակներ, որտեղից հնարավոր է լինում գնել սառը զենք կամ դանակներ առանց նույնականացման։